Հետազոտություն
Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման քաղաքականության նոր գործիքներ. երկուսը մեկում
Բեռնել
Հայաստանում ծնելիության մակարդակի շարունակական նվազումը, պտղի սեռի խտրական ընտրությունը կանխելու, ինչպես նաև տնտեսության մեջ կանանց հզորացումը և աշխատուժում կանանց մասնակցությունը խթանելու նպատակով առաջարկվում է ներդնել մինչև երկու տարեկան երեխա խնամող աշխատող մայրերի նպաստների տրամադրման նոր համակարգ։
Հետևանքները՝ մտահոգություններում, պատճառները՝ նշանակետում. պտղի սեռի խտրական ընտրության նախապայմանները
Վերջին տարիներին Հայաստանում նորածինների սեռային կազմի անհամամասնությունը որոշակիորեն նվազել է՝ 2010թ․ հարյուր աղջկա հաշվով շուրջ 115-ից հասնելով 113-ի 2014թ․։ Այդուհանդերձ, խիստ մտահոգիչ է առաջին անգամ 2014թ․ դրսևորված առաջնեկների սեռային կազմի անհամամասնությունը (100:107)․ եթե նախկինում հայաստանյան ընտանիքներում ծնված առաջնեկների սեռի խտրականություն չկար ընդհանրապես և նորածինների սեռերի համամասնությունը բնականի սահմաններում էր, ապա այժմ խախտված է նաև այս համամասնությունը։ Պտղի սեռի խտրական ընտրությունն այս դրսևորմամբ, ըստ էության, գրոհում է նորածինների սեռերի համամասնության վերջին «պաշտպանական գիծը»։ Քանի որ վերջին տարիներին Հայաստանում նորածինների շուրջ կեսը ընտանիքի անդրանիկ զավակներն են, ապա ժողովրդագրական այս «միջնաբերդի» անկումը կարող է հանգեցնել ազգային անվտանգության աղետի՝ ծնելիության մակարդակի հետագա կրճատման աղետալի սպառնալիքով․ գալիք տասնամյակներում երկիրը կարող է կորցնել ավելի մեծ թվով բնակիչ, քան ամենասարսափելի պատերազմի արդյունքում՝ 80 հազարից ավելի մարդ։
Իրավամբ, պտղի սեռի խտրական ընտրության և սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների երեք հիմնական նախապայմաններն էլ Հայաստանում առկա են։ Ծնելիության խիստ ցածր մակարդակի պայմաններում տղա երեխային նախապատվություն տվող ընտանիքները՝ վերարտադրողական որոշումների ճնշման և պտղի սեռը հղիության վաղ շրջանում որոշելու հնարավորության արդյունքում շատ դեպքերում նախընտրում են ընդհատել իգական պտղի զարգացումը՝ հատկապես ընտանիքում երկու և ավելի աղջիկների առկայության դեպքում, իսկ այժմ նաև առաջնեկից սկսած։ Հատկանշական է, որ առաջնեկների սեռի խտրական ընտրությունը ի հայտ է եկել ծնելիության մակարդակի շարունակական կրճատման պայմաններում։ Այս իրողությունում պետական քաղաքականությունը նախևառաջ պիտի կիրառի այն զինանոցը, որը կարող է ծառայել միաժամանակ թե՛ ծնելիության մակարդակի հետագա նվազման կանխարգելմանը, թե՛ հայ հասարակության մեջ և ընտանիքում աղջիկ երեխայի դերի կարևորմանը։ Նման զինանոցն իր արդյունավետությունն ապացուցել է ժողովրդագրական նույնքան լուրջ մարտահրավերների հաջողությամբ դիմակայած մի շարք երկրներում։
Ժողովրդագրական սվինգ. աշխատուժում կանանց մասնակցության և ծնելիության տարամիտումն ու զուգամիտումը
Իսկապես, ծնելիության նվ ազման մարտահրավերներին հաջողությամբ արձագանքելու ունակ պետական քաղաքականության միջոցները շատ չեն, կենսունակները պահանջում են ծախսեր, տևական ժամանակ, հետևողականություն և մշակութային փոփոխություններ։ Թեև վերարտադրողական որոշումներն առավելապես պայմանավորված են ներածին գործոններով, սակայն դրանց վրա ազդող արտածին գործոնները բազմաթիվ են և փոխկապակցված։ Ավելին, անցյալի իրողություններում փոխադարձաբար նպաստավոր գործոնները, ներկա պայմաններում դառնում են իրար սահմանափակող։ Այսպես, օրինակ, եթե հազարամյակներ շարունակ տղա երեխայի նախապատվությունը խթանել է ծնելիությունը, ապա պարզ վերարտադրության մակարդակից ցածր ծնելիության պայմաններում այն վերջին տասնամյակում դարձել է ծնելիության հետագա կրճատման գործոններից մեկը։ Նման հակասական փոխկապակցվածություն ունեն նաև ծնելիությունը և աշխատաշուկայում կանանց մասնակցությունը։ Եթե աղքատ, ագրարային տնտեսություններում կանանց մասնակցությունն աշխատուժում բարձր է, քանի որ գյուղատնտեսական աշխատանքները և ընտանեկան պարտականությունները մեծապես համատեղելի են, զբաղվածությունը չի առաջացնում էական անհամատեղելիություն երեխաների խնամքի և աշխատանքի միջև, ապա արդյունաբերության զարգացմանը և ուրբանիզացիային զուգընթաց կանանց մասնակցությունը միջին եկամտային խմբի երկրներում նախ նվազում է, իսկ զարգացած երկրներում ծառայությունների հատվածի զարգացման և կանանց կրթամակարդակի բարձրացման ուղեկցությամբ կանանց մասնակցությունը կրկին բարձրանում է։ Ընդհանուր առմամբ, ծնելիության և աշխատուժում կանանց մասնակցության միջև փոխհարաբերությունը կարող է լինել ուղիղ և հակադարձ։ Այսպես, վարձու աշխատանքը տնից դուրս, այդ թվում ընտանեկան ձեռնարկություններից դուրս աշխատանքը, վարձատրվող աշխատանքը տնտեսության ֆորմալ հատվածում, կանոնավոր, լրիվ դրույքով, մշտական և երաշխավորված աշխատանքը, ֆիքսված աշխատաժամերը, շարժունակություն պահանջող աշխատանքը, որակյալ աշխատատեղերը, որոնք առաջխաղացման և զարգացման հստակ հեռանկարներ են ուրվագծում պահանջում են նվիրում, կարող են նվազեցնել դերերի անհամատեղելիությունը, բարձրացնել կանանց կարգավիճակը հասարակության մեջ և դերն ընտանեկան՝ այդ թվում վերարտադրությանը վերաբերող որոշումներում, մեծացնել նրանց տնտեսական և ֆինանսական անկախությունը, խթանել թե՛ աշխատանքային, թե՛ մայրության գործառույթները, հավասարապես օգուտներ և բավարարվածություն ապահովել արտադրողական գործունեությունից և երեխաներ ունենալուց։ Միաժամանակ, զարգացած արդյունաբերական երկրների փորձը վկայում է, որ կանանց զբաղվածությունը կարող է հանգեցնել ծնելիության մակարդակի շարունակական կրճատման, եթե արտադրողական և վերարտադրողական դերերի միջև բախումն էականորեն մեծացնում է երեխաներ ունենալու այլընտրանքի գինը, եթե մանկախնամ հաստատությունների ծառայությունների և աջակցության հասանելիությունն ու մատչելիությունը սահմանափակ են, իսկ երեխայի՝ ցանկալի որակով և տևողությամբ խնամքն էականորեն սահմանափակում են կնոջ տնտեսական գործունեությունը, եթե երեխաների խնամելու և մեծացնելու նպատակով աշխատուժից կնոջ դուրս մնալը մեծ ծախսեր է ենթադրում, եթե կանանց աշխատանքն ու կարիերան սկսվում են նախքան ամուսնությունը ինչի արդյունքում առաջին ամուսնության և առաջին հղիության տարիքը բարձրանում են։
Պատճառահետևանքային կապերը հստակ են. եթե ծնելիության բարձրացման արդյունքում կրճատվում է աշխատուժում կանանց մասնակցությունը կամ, եթե աշխատուժում կանանց մասնակցության ավելացումը հանգեցնում է ծնելիության կրճատման, ապա տնտեսությունում և հասարակությունում աշխատանքի և ընտանիքի դերերը մեծապես անհամատեղելի են։ Մինչդեռ, եթե աշխատուժում կանանց մասնակցության ընդլայնումը նպաստում է ծնելիության մակարդակի բարձրացմանը, ապա առկա է խնդիրներին սոցիալական հստակ արձագանք, որն ենթադրում է աշխատատեղում մայրերի հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխություն, ինչի արդյունքում ծննդաբերությունից հետո կանանց վերադարձը աշխատուժ էականորեն հեշտ է։ Հայաստանի մարզերում քննարկումները վկայում են նաև, որ վերարտադրողական որոշումներում էականորեն կարևորվում է մի կողմից՝ բարեկեցության մասին պատկերացումների, դրանց չափանիշների և ձգտումների, և մյուս կողմից՝ դրանք ներկայում և հեռանկարում ապահովելու հնարավորությունների միջև առկա խզումը։ Բարեկեցության չափանիշների զգալի բարձրացման և դրանք ապահովելու հնարավորությունների էական սահմանափակումների պայմաններում, նախկինում, ընտանիքում մեկ հիմնական վաստակողի մոդելը այլևս անկարող է փակել ընդլայնվող խզումը՝ անգամ ամենաքրտնաջան աշխատանքի և բարձր վաստակի պայմաններում։
Գործոնները՝ հստակ, փոխհարաբերությունները՝ ոչ գծային, ազդեցությունը՝ տեսանելի. միջազգային փարձի օգտակարն ու անօգուտը
Հատկանշական է, որ պարզ վերարտադրողության մակարդակից ցածր ծնելիություն ունեցող զարգացած երկրներից ծնելիության մակարդակը բարձրացնել հաջողվել է այնտեղ, ուր բարեկեցությա ն մակարդակի աճը զուգորդվել է աշխատուժում կանանց մասնակցության բարձրացմամբ, միաժամանակ ապահովելով կանանց՝ զբաղվածությունն ու երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունը։ Վերջինս ապահովելուն ուղղված քաղաքականության գործիքները վերաբերում են ծնողական խնամքին, մանկախնամ հաստատություններում երեխաների խնամքին, աշխատաժամանակի կարգավորմանը և մասնավորապես ներառում են երեխաներ ունեցող ընտանիքներին ուղիղ դրամական փոխանցումներ, երեխայի խնամքի նպաստներ, մանկախնամ հաստատությունների սուբսիդավորում, երեխայի խնամքի արձակուրդ և այլն։ Ծնելիության և կանանց զբաղվածության վրա քաղաքականության այս գործիքների ազդեցության և արդյունավետության վերաբերյալ փաստերը, վկայությունները և գնահատականները բազմազան են, երբեմն՝ հակասական։ Դրանք մեծապես կախված են երկրի սոցիալ-տնտեսական և մշակութային համատեքստից, քաղաքականության գործիքների կիրառման թիրախայնությունից, ծածկույթից, ծառայությունների որակից, տևողությունից և ժամանակահատվածից և այլ տարբեր գործոններից։ Մի բանում, թերևս, համաձայն են բոլորը. այդ գործիքներն անհրաժեշտ է կիրառել համակցված։ Ուստի, թեև առանձին վերցրած որևէ գործիքի միանշանակ ազդեցություն ունենալու վերաբերյալը խոսելը տեղին չէ, այդուհանդերձ դրանց ներգործության առանձնահատկություններն ու գործոնները հնարավոր է քննարկել առանձին-առաձին։ Երկրների մեծամասնությունը մինչև երեք տարեկան և նախադպրոցական տարիքի երեխա խնամող մայրերի՝ աշխատուժում մասնակցությունը խթանելու նպատակով նախատեսում է ուղիղ դրամական փոխանցումներ, այդ թվում՝ երեխայի խնամքի նպաստի ձևով։ Հատկանշական է, որ որոշ հետազոտություններ վկայում են, որ երեխայի խնամքի ընդհանուր նպաստները, որոնք պայմանանավորված չեն զբաղվածության գործոնով, ծնելիության վրա դրական ներգործության որոշակի միտում ունեն, մինչդեռ, մանկախնամ հաստատությունների սուբսիդավորման և ընտանիքներում ծնված երեխաների թվի պատճառահետևանքային կապը նվազ հստակ է։ Իսպանիային վերաբերվող վերջին հետազոտությունները վկայում են, որ աշխատող մայրերի վճարած հարկերի մասնակի վերադարձի և բոլոր տնային տնտեսությունների վճարած հարկերի՝ երեխաների առկայությամբ պայմանավորված հարկային նվազեցումների ներդրումը դրական ազդեցություն ունի թե՛ ծնելիության և թե՛ կանանց զբաղվածության վրա։ Հետազոտությունները վկայում են նաև, որ աշխատող մայրերին՝ երեխայի խնամքի համար տրամադրվող նպաստները նշանակալի դրական ազդեցություն ունեն կանանց զբաղվածության վրա, իսկ բարձր կրթամակարդակ ունեցող կանանց պարագայում էականորեն բարձրացնում են ծնելիության մակարդակը։
Սոցիալական աջակցության և ծնելիության քաղաքականությունը. ոչ թե՝ «կա՛մ-կա՛մ», այլ՝ «և՛-և՛»
Հայաստանում մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստը ներկայում տրամադրվում է բացառապես նախկինում աշխատած և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի, իսկ 2016թ. հունվարի 1-ից նաև չաշխատող մայրերին, մինչդեռ մինչև երկու տարեկան երեխա խնամող և մայրության (հղիության, ծննդաբերության) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածից հետո աշխատանքի վերադարձած մայրերը երեխայի խնամքի որևէ սուբսիդավորում չեն ստանում։ Նման քաղաքականությունը թեև հստակ ընկալելի և արդարացված է սոցիալական աջակցության տրամաբանությամբ, սակայն ծնելիության նվազումը կանխելու, և կանանց աշխատուժում կանանց մասնակցությունը խթանելու տեսանկյունից խիստ հակասական է։
Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպատակով տրամադրվող պետական սուբսիդավորման համակարգը ուղղորդել նաև ծնելիության և աշխատուժում կանանց մասնակցության խթանմանը։ Մասնավորապես առաջարկվում է՝ մինչև երկու տարեկան երեխա խնամող աշխատող մայրերին տրամադրել նպաստ երեխայի 6 ամսականը լրանալուց հետո՝ ամսեկան նվազագույն աշխատավարձի չափով, մինչև երկու տարեկան երեխա խնամող, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատող մայրերի նպաստը առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի որոշակի մասի չափով, սակայն ոչ պակաս քան ներկայում վճարվող նպաստի չափը (18 հազար դրամի չափով)։ Առաջարկվում է պահպանել նաև 2016թ. հունվարի 1-ից չաշխատող մայրերի համար նախատեսված մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը սահմանված չափով։ Նշված առաջարկը պետական բյուջեի ծախսերը կավելացնի տարեկան 4.5-ից 5 մլրդ. դրամի չափով, միաժամանակ միջազգային փորձից ելնելով էականորեն դրական կազդի ծնելիության մակարդակի և աշխատուժում կանանց մասնակցության վրա։
Իհարկե, անհրաժեշտ է հաշվի առնել նաև վերը շարադրված քաղաքականության մյուս գործիքների, այդ թվում՝ մանկախնամ հաստատությունների սուբսիդավորման, դրանցում մինչև երեք տարեկան երեխաների խնամքի հնարավորությունների ստեղծման, դրանց հասանելիության և մատչելիության ապահովման, ծառայությունների որակի, տևողության և ճկուն ժամերի ապահովման անհրաժեշտությունը։ Ավելին, Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում զբաղվածության, աշխատանքի առաջարկի, դրանք բավարարելու՝ կանանց աշխատուժի որակի, հասարակության մեջ և ընտանիքներում գենդերային դերերի և աշխատող մայրերի աշխատանքի մասին պատկերացումները նույնպես ազդեցիկ գործոններ են, որոնք կարող են սահմանափակել կամ բազմապատկել առաջարկվող քաղաքականության ազդեցությունը։ Այս առումով, կարևորվում է նաև չաշխատող մայրերի մասնագիտական վերապատրաստման սուբսիդավորումը հանրային ծրագրերի շրջանակներում, աշխատանքը գործատուների հետ, ինչպես նաև հանրային իրազեկումը։
Համառոտագիրը մշակվել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում 2015թ-ի նոյեմբերի 30-ին կայացած «Պտղի սեռի խտրական ընտրության պատճառների կանխման պետական քաղաքականության նախաձեռնություններ» թեմայով համատեղ քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Քննարկմանը մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: